Դատական իշխանությունը մանրամասներ է հայտնել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ դեկտեմբերի 10-ի վճռից, որով Փիլոյանը 5 տարվա ազատազրկման էր ենթարկվել։
Նշվում է, որ բացի 5 տարի ժամկետով ազատազրկման վճռից, Փիլոյանը կտուգանվի 1 300 000 դրամով, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է նախկին նախարարից բռնագրավել 860 000 դրամ:
Դատարանի փոխանցմամբ՝ նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը, իսկ Արա Յաղջյանն արդարացվել է։
«Գրիգորյանը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման, Բեյբությանը՝ 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել։ Մկրտչյանի նկատմամբ նշանակվել է 300 000 դրամի չափով տուգանք, 2 տարվա ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել։ Երեմյանի նկատմամբ նշանակվել է 500 000 դրամի չափով տուգանք, Հակոբյանի նկատմամբ՝ 1 000 000 դրամի չափով տուգանք»,- հավելել են դատարանից։
Դեկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Փիլոյանը 5 տարվա ազատազրկման է ենթարկվել, և նրան 3 տարով կարգելվի զբաղեցնել հանրային ծառայության պաշտոններ։
Փիլոյանն Ազգային հերոսի կոչում էր ստացել է 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային կորպուսներից մեկի հրամանատար լինելու ժամանակ և երկու տարի անց կալանավորվել էր։ Դատարանը Փիլոյանին մեղավոր էր ճանաչել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։ 2022 թվականի հոկտեմբերին Փիլոյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նույն թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Փիլոյանին և քրեական գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ ավելի քան 10 անձ կասկածյալ է։ Ըստ մեղադրանքի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել էր խոշոր չափերով կաշառք: