Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց վերաբացել ծրագիրը, որով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպարև Վայոց Ձորի Գոմք բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու համար սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են հիփոթեքային վարկ ստանալ։
Նախագծով վարկառու կարող են դառնալ նաև նրանք, ովքեր ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։
Գործադիրը ծրագրի մեկնարկը տվել էր 2024 թվականի հունիսի 27-ին։ Դեկտեմբերին ծրագիրը վերաբացվում է, քանի որ հայտերի ընդունման սահմանաչափի պատճառով այլ շահառուներ չեն կարողացել օգտվել ծրագրից։
«Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է շուրջ 1976 շահառուի հայտ, որից 1758-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է, և վարկը տրամադրվել է։ Ընդ որում՝ օգոստոսի 1-ի դրությամբ՝ ՄՍԾ կողմից հաստատված և գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվել էր ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում՝ շահառուները չեն կարողացել օգտվել Տավուշի բնակավայրերի համար սահմանված արտոնությունից՝ 5 մլն դրամի հավելումից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերում նախատեսվում է աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերու՝ մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում՝ մինչև 30 շահառուի: