Կառավարությունը կփոխհատուցի մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների, ինչպես նաև 2024-2025 ուստարվա առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը, որոնց ընտանիքները բռնի տեղահանվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումից հետո։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 12-ին կայացած նիստում։
Այդ նպատակով ԿԳՄՍՆ-ն այլ ծրագրերի բյուջեից վերաբաշխել է 54,5 մլն դրամ՝ համաձայն որոշման նախագծի հիմնավորման։ Կրթության նախարարությունը նոյեմբերի 8-ի դրությամբ տեղեկատվուն ունի 247 ուսանողի մասին, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը 2024-2025 ուսումնական տարվա համար կազմում է 30,7 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ՝ 23,8 մլն դրամ կվերաբաշխվի նաև ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսական կազմի տրանսպորտային ծախսերը հոգալու համար։
2023 թվականի հոկտեմբերի 12-ի կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ արցախցի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի իշխանություններն ուսման վարձի փոխհատուցում կտրամադրեն նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերում սովորող Լեռնային Ղարաբաղից եկած ուսանողներին։ Սեպտեմբերի 26-ին կառավարությունը հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման առավելագույն շեմի վերացմանը։