Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Խորհրդակցությունները տեղի են ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈւ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։
Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։
«Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։
Դեկտեմբերի 10-ին պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրն ստորագրել էին Հայաստանն ու Ֆրանսիան։ Այն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։