Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստան-ԵԽ գործընկերությանը, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Ըստ պաշտոնական կայքի՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին ասել էր, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է, և Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը քննարկելու պատրաստակամության մասին։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում ասել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում զգալի առաջընթաց են գրանցել, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը, նրա խոսքերով, ունի «վնասակար հավակնությունների պատանդ» դառնալու հատկություն։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և Բաքվի հետ համաձայնագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ առաջընթացի մասին։