Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նրա խոսքով՝ Օլիմպիական խաղերից հետո հայ ծանրորդները չենք հանգստացել և շարունակել են մարզվել, քանի որ «պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է»:
Մարզիկի խոսքով՝ Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքն իր առավելագույնը չէր։
«Բայց ինչքան, որ այդ պահին ինձ անհրաժեշտ էր, կարողացա բարձրացնել»,- նշել է Լալայանը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանն էլ հույս է հայտնել է, որ առաջնության մեդալն իր հաջողությունների սկիզբը կլինի։
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունից մեդալ չէինք ունեցել: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- ասել է նա:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։
19-ամյա Գրիգորյանը գրանցել էր երկամարտի 205 կգ (85+120) արդյունք: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում 183 կգ արդյունքով նվաճել էր փոքր արծաթե մեդալ։