Էնդոկրինոլոգ, դիետոլոգ Անուշ Միրզոյանը Armenia Today-ի հետ հարցազրույցում խոսել է էնդոկրին համակարգի, գեղձերի աշխատանքի ու դրանց վրա մեր սննդակարգի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ էնդոկրին հիվանդություններն այդքան կախված չեն սննդից, բայց, օրինակ, ճարպակալումը մարդկանց մոտ կարող է հորմոնալ խանգարումների պատճառ դառնալ։
Ճարպակալման բազմաթիվ պատճառների թվում նա նշել է ժառանգականությունը, ներառյալ սննդի մշակույթը ընտանիքում, որտեղ երեխաները մեծանում են, ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու այլ հանգամանքներ։ Խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար փորձագետը կարևորել է նաև ֆիզիկական ակտիվությունը: Նա ընդգծել է, որ ճարպերը պետք է մեր օրվա սննդակարգի 20-30%-ը կազմեն։
Բժիշկն ավելորդ քաշ ունեցող երեխաների ծնողներին կոչ է արել փոքրիկներին հետազոտության տանել, ներառյալ ստուգել գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը, զարկերակային ճնշումը։ Նա հավելել է, որ ճարպակալում ունեցող բոլոր մարդկանց՝ թե՛ երեխաների, թե՛ մեծերի դեպքում կարևոր է ստուգել վահանաձև գեղձի հորմոնը։
Փորձագետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է պարբերաբար ստուգել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Նա խորհուրդ է տվել խոլեստերինի մակարդակն իջեցնելու որոշակի դեղամիջոցներ ընդունելով չսահմանակվել և հետևել սննդակարգին, պարբերաբար ստուգվել, ինչը կարևոր է ինֆարտկի և ինսուլտի կանխարգելման համար։
«Եթե խմում ենք դեղերը, միևնույն է, ռիսկեր կան։ Կարևոր է հասնել խոլեստերինի մակարդակի այն օպտիմալ թվերին, որը պահանջում է բժշկությունը։ Մենք հիմա տեսնում ենք, որ բոլորը դեղերը խմում են, բայց ինֆարկտի ցուցանիշները չեն վնազում»,- ասել է նա։
Միրզոյանը փաստել է, որ չկա որևիցե դիետա, որը կարող է ամբողջությամբ կարգավորել խոլեստերինային փոխանակության խանգարումը: Սակայն, ըստ նրա, պետք է բացառել մարգարինով սննդի ընդունումը և բուսայուղերի բազմակի օգտագործումը:
Խոսելով մարդու սննդակարգում քաղցրավենիքի օգտագործման մասին՝ նա խորհուրդ չի տվել ամբողջությամբ բացառել այն, քանի որ այդպիսի կտրուկ քայլը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել: Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ իրեն քաղցրից կամ, օրինակ, հացից զրկող մարդը կարող է դրանք կտրուկ մեծ քանակությամբ ընդունել: Բժիշկը հիշեցրել է հայտնի ճշմարտության մասին, ըստ որի՝ ամեն ինչի չափավորն է անվնաս:
Փորձագետը նաև կոչ է արել զգուշությամբ վերաբերվել տարբեր դիետաներին։ Միրզոյանը պատասխանել է նաև ճարպակալման նվազեցման նպատակով կիրառվող սեմագլյուտիդ դեղամիջոցի օգտագործմանը վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ այս դեղամիջոցն ի սկզբանե ցուցված էր միայն շաքարային դիաբետ ունեցողներին: Հետագայում, նրա դիտարկմամբ, այն սկսել են օգտագործել ճարպակալման դեմ։ Միևնույն ժամանակ էնդոկրինոլոգը շեշտել է, որ այն պետք է օգտագործել բացառապես բժշկի նշանակման դեպքում։
Միրզոյանն անդարադձել է նաև Հայաստանում մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելելու մտադրությանը և ներկայացրել իր հիմնավորումները: Նրա խոսքով՝ էներգետիկ ըմպելիքների մեջ կան նյութեր, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, և վտանգավոր են հատկապես երեխաների համար։ Նա կոչ է արել համակարգային միջոցներ ձեռնարկել, որոնք կստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ ավելի քիչ կօգտագործվեն նման ըմպելիքներ։ Ըստ բժիշկի՝ դա կարող է լինել նման ըմպելիքների ներմուծման արգելքը։
Մանրամասները՝ տեսանյութում։