Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը բարձրացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
«Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենսդիր մարմինը պարզաբանել է, որ հատուկ հավատարմագրում ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է դիմեն խորհրդարան։
Դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիան Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի վեցերորդ նախագահ։ Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվել է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով։
Ընտրություններն ընթացել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես էին եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ նախորդող օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։