Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում առկա են հատուկ գծանշումներ՝ զորակոչիկների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար:
Հանրապետական հավաքակայանում զորակոչիկներին դիմավորելուց հետո նրանց, փոքրաթիվ խմբերով, ուղեկցում են ջերմաչափման և արյան նմուշառման սենյակներ, որտեղ, սոցիալական հեռավորություն պահպանելով, տղաները ջերմաչափվում են, այնուհետև կատարվում է արյան նմուշառում՝ COVID 19 համավարակի հակամարմինների առկայությունն արյան մեջ ստուգելու նպատակով:
Հավաքակայանում գործում է հատուկ կահավորված լաբորատորիա՝ կարճ ժամկետում զորակոչիկների արյան հետազոտության պատասխաններն ստանալու և կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին հատուկ կահավորված սենյակներում արագ մեկուսացնելու և կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնելու նպատակով:
Այնուհետև զորակոչիկներն անցնում են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, ևս մեկ անգամ ստուգվում ու քննարկվում են նրանց անձնական գործերում բուժհետազոտությունների վերաբերյալ եզրակացությունները և խնդրահարույց հարցերը:
Բժշկական փորձաքննությանը հաջորդում է զորակոչիկներին անձնական համարներով անվանապիտակների տրամադրումը: Ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի անդամների հետ զրույցից հետո զորակոչիկների պայմանական համարներին ավելանում են դասակարգման տարբերանշանները: Դրանց հիման վրա էլ զորակոչիկները մասնակցում են վիճակահանությանը՝ համապատասխան թմբուկից ընտրելով զորամասի համարը:
Հաշվի առնելով երկրում շարունակվող համաճարակային իրավիճակը, ի տարբերություն նախորդ զորակոչերի, այս անգամ զորակոչիկների ծնողները վիճակահանության ընթացքին հետևելու են տարածքային ստորաբաժանումներից՝ օնլայն տարբերակով:
2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:
Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:
Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում գտնվող և վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է: