Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմեններին ու նրանց միավորումներին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ըստ ՄԻՊ-ի՝ նամակներում նշված է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո:
«Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը», – նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների խախտումներով և չունի լեգիտիմություն:
Հետևաբար, ըստ Թաթոյանի, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:
1․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:
2․ Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չեն իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։
3․ Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
4․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
5․ Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող անկանխատեսելի իրավիճակների:
Ըստ Թաթոյանի՝ ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:
Նա նաև հայտնել է, որ միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության և մանրամասն վերլուծությամբ: