ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ չորեքշաբթի օրը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ՄՈԲ վճարումների հետ կապված խնդիրների մասին։
Հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց․
«ՄՈԲ ռեսուրսների վճարման հարցի մասին կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ չի վճարվել մոտ 3-4 տոկոսը։
Առաջինը նրանք են, ովքեր չեն ներկայացրել համապատասխան տվյալները և երկրորդ՝ նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ բնական է, որ այստեղ հաշվառման խնդիր է առաջանում: Նախարարը կարծում է, որ մինչև մարտի մեկը հաշվառման գործընթացը կավարտվի, ու վճարումները կիրականացվեն։
Մյուս խնդրահարույց հարցն այն մարդկանց հետ է կապված, որոնք կամավոր են գնացել, բայց զորամասում չեն գրանցվել։
«Մենք պահանջում ենք, որ զորամասը ներկայացնի տվյալներ այդ մարդկանց մասին։ Հենց ստանանք տվյալները՝ կվճարենք»,- հավելեց Հարությունյանը։