Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, որոնք, կատարելով իրենց խնդիրը, նահատակվել են հանուն հայրենիքի։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Ըստ նրա, եթե Ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղած չլինեինք, 44-օրյա հերոսամարտն այլ ելք կունենար։
«Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, և դա կարող էր տեղի ունենալ 15-20 օրվա ընթացքում»,-նկատեց նա։
Անդրադառնալով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա ընդգծեց, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է։ Նրա խոսքով՝ շտաբը բնականոն աշխատում է, կատարում է իր առջև դրված խնդիրները։
Իսկ ինքն էլ շատ լավ է աշխատում այն զինվորականների հետ, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Դավթյանը նշեց նաև, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է, մեր սահմաններին հարաբերական կայունություն է, սակայն ընդհանուր լարվածությունն ազդում է սահմանային ծառայության վրա:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաններն այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին։
Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցը։
Մանրամասները՝ տեսանյութում․