Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հորդորում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում:
Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում:
Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը կարևորել է նաև դիվանագիտական ողջ զինանոցի կիրառումը: «Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:
Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար»,-նշել է նախագահը։
Նա ընդգծել է նաև, որ հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:
Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
Նախնական տեղեկություններով՝ նախօրեին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչները հետ քաշվեն։ ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ այսօր նախատեսված բանակցություններին ադրբեջանակն կողմը չի ներկայացել։