«Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են:
Մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ։ Ինչպես հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը, նրանք են՝
Ամբարդարյան Մելս Կարապետի
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
Մանուկյան Ժորա Վանոյի
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի»։
Նշենք, որ վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու՝ Հովսեփ Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։
Նշենք նաև, որ ավելի վաղ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնց թվում էր նաև այսօր վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը, բազմաթիվ ակցիաներով և հայտարարություններով էին հանդես եկել, այդ թվում՝ անժամկետ նստացույցով՝ պահանջելով Կառավարությունից վերադարձնել գերիներին։