ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
«Փաթեթը միտված է ՊՆ-ում, Զինված ուժերում կառավարությունն ավելի արդյունավետ դարձնելուն, շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Փաթեթով փոխվում են պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, սահմանվում են զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:
ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը չի լինելու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ: