Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնում կատարել է հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ և ժողովրդական մոտիվներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հայաստանի անկրկնելի շունչը հաղորդեցին դհոլը՝ հայկական թմբուկը, և դուդուկը, որն իր իմաստությամբ ու տխրությամբ, սիրով ու ուրախությամբ կոչվում է հայի հոգու ձայն։ Ոգեշնչող նոտաները հանդիսատեսին ստիպեցին հիացմունքից քարանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Հայկ Գրիգորյանը, դուդուկն առավել ընդգրկուն է ներկայացնում Հայաստանի մշակույթը։ Նա ընդգծել է, որ նվագախմբի համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելը։
«Սպասսկայա բաշնյա»-ն համաշխարհային մակարդակի փառատոն է։ Յուրաքանչյուր համույթ, որը գոնե մեկ անգամ մասնակցել է այս փառատոնին, կարող է հպարտանալ իր փորձով»,- իր հույզերով կիսվել է Գրիգորյանը։
Երաժիշտներն իրենց ելույթի ժամանակ կատարել են նաև «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը` կազմելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, պահպանում ընտանիքն ու պաշտպանում անհաջողություններից։ Այնուհետև նվագախմբի անդամները փառատոնի 15-րդ հոբելյանի առթիվ շարվել ու կազմել են հռոմեական XV թիվը և կատարել Արամ Խաչատրյանի հայտնի «Գայանե» բալետից «Գարուն» ստեղծագործությունը։ Հնչել է նաև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազը»` Մարտին Վարդազարյանի մշակմամբ։