ՀՀ պաշտպանության նախարարությունից Armenia Today-ին հայտնել են, որ զինծառայողների համար օգնության հարցերով համակարգումները, որոնց հավաքագրումները վերջին օրերին իրականացնում են քաղաքացիներն ու կազմակերպությունները, նոր են սկսել իրենց աշխատանքը և այս պահին ոչ մի կազմակերպություն կամ քաղաքացի չի կապվել ՊՆ-ի հետ:
Ավելի վաղ գերատեսչությունը հրապարակել էր պաշտպանության նախարարի օգնականների տվյալները, որոնք զբաղվում են այդ հարցերի համակարգմամբ: ՊՆ-ում դրական պատասխան են տվել այն հարցին, թե արդյոք հետագայում կհրապարակվի այն կազմակերպությունների ցանկը, որոնք համագործակցում են գերատեսչության հետ բանակի համար օգնություն հավաքելու հարցում:
«Նախաձեռնությունը նոր է, հետևաբար նոր ենք սկսելու այդ ուղղությամբ աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ՊՆ-ում ավելի վաղ հայտնել են, որ որոշել է ընդառաջ գնալ բարեգործներին ու համակարգել օգնության հավաքագրումըքանի որ չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք։
Թեև նախարարությունը տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն բարձր է գնահատում քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը: