Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում, հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Նախագիծը սահմանում է կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Նախարար Պապիկյանը տեղեկացրեց, որ պարտադիր ծառայության դիմած իգական սեռի ներկայացուցիչները զինծառայություն կանցնեն 6 ամսով: Ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու: Մինչև զորակոչի օրը սակայն նրանք հնարավորություն կունենան հրաժարվել ծառայությունից: Ընտանեկան հնարավոր հանգամանքները կճշգրտվեն մինչև ծառայության անցնելը: Կանայք ծառայության կնշանակվեն որևէ զորամասում առանց վիճակահանության և բացառապես այնտեղ կանցնեն ծառայությունը:
Ամբողջական ծառայության դեպքում նրանց կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ պատվովճար, իսկ վաղաժամկետ ազատվելու պարագայում այն կբաժանվի 6 ամսվա վրա ու կտրվի ծառայած ամիսների չափով գումար: Վաղաժամկետ ազատվել հնարավոր է առողջական պայմաններից ելնելով: Վեցամսյա ծառայությունից հետո կանայք իրավունք կստանան դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին ու անցնել 5-ամյա ծառայության:
Մինչև ԱԺ հինգերորդ նստաշրջանի ավարտը նախագիծը կքննարկվի ԱԺ-ում և հավանության արժանանալու պարագայում կկիրառվի ձմեռային զորակոչի ժամանակ: