Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
«Մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում»,- հայտնում է նախարարությունը:
Գերատեսչությունից նշում են, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է մայիսի 11-ին, երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը՝ հրետանուց և ականանետերից։ Առավոտյան ժամը 6։00֊ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի մոտ վիրավորված հայ զինծառայողների թիվը հասել է չորսի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, Սոթքի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ևս երկու հայ զինվոր է վիրավորվել։ Մայիսի 12-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական զինուժի գնդակոծության ժամանակ ևս երկու վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմը հայտնել է փոխհրաձգության հետևանքով երկու զինվորի մահվան և մեկ զինվորի վիրավորվելու մասին։