Քաղաքագետ Դավիթ Հարությունովը Armenia Today-ի հետ զրույցում գնահատել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտի փոխգործակցության մասին կնքված պայմանագրի քաղաքական ազդեցությունը։
Պայմանագիրը, որով Ֆրանսիան Հայաստանին զենք է վաճառելու, ըստ քաղաքագետի, կարող է ազդեցություն ունենալ մի քանի ուղղություններով։
«Ֆրանսիան ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում, Հայաստանի միջոցով՝ նաև տարածաշրջանում։ Այսինքն՝ այդ պայմանագիրն ավելի լայն քաղաքականության մաս է։ Այս պահին դժվար է ասել, թե որքանով կազդի ուժերի բալանսի վրա, քանի որ խոսքը դեռ համեմատաբար լոկալ ինչ-որ պայմանավորվածությունների մասին է, բացի դրանից՝ այդ ամենը դեռ պետք է իրականացվի։ Ընդ որում՝ կա նախկին փորձը․ Ադրբեջանին զսպելու տեսանկյունից քաղաքական առումով Ֆրանսիայի աջակցությունն առանձանպես չի օգնել Հայաստանին։ Այդ պայմանագիրը կարող է պոտենցիալ խնդիրներ առաջացնել Իրանի հետ, որը շատ կոշտ ու բացասական է վերաբերվում Արևմուտքի ներթափանցմանը տարածաշրջան։ Կարող է խնդիրներ առաջացնել նաև Ռուսաստանի հետ»,- ընդգծել է քաղաքագետը։
Դավիթ Հարությունովի խոսքով՝ այդուհանդերձ, երկու դեպքում էլ հայկական կողմի համար մանևրելու որոշակի ռեսուրս կա, քանի որ խոսքը դեռ լոկալ համագործակցության մասին է։
«Բացի այդ, Ֆրանսիան պատմականորեն ավելի լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, քան արևմտյան մյուս երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ նկատենք, որ ռուսական կողմը սահմանափակ է պատասխանում հայկական կողմից հնչող քննադատություններին։ Չի բացառվում, որ այս դեպքում էլ կոշտ արձագանքներ չլինեն, այսինքն՝ չլինեն այնպիսի կոշտ քայլեր, որոնք կարող են հարաբերությունների խզման բերել»,- հավելել է նա։
Որքանո՞վ է նշված պայմանագիրը տեղավորվում դեպի Արևմուտք շրջվելու ՀՀ իշխանությունների ցանկության համատեքստում, քաղաքագետը երկու գործոն է առանձնացրել։
«Նախ, կարծում եմ, որ այս քայլը պարտադրված է։ Այսինքն, երբ 2022-ին հայտնի պատճառներով առնվազն դժվարացավ այդ ուղղությամբ ՌԴ-ի հետ համագործակցությունը, հայկական կողմն իսկապես սպառազինություն գնելու խնդիր ունի։ Այդ խնդիրը լուծելու շրջանակներում հայտնի դարձան Հնդկաստանի հետ պայմանավորրվածությունները։ Երկրորդ գործոնն այն է, որ հայկական կողմից կողմնորոշումը դեպի Արևմուտք փոխելու ռազմավարություն կա։ Այլ հարց է, որ նշվածը հայտարարությունների մակարդակով է և կան ոլորտներ, որոնց դեպքում դժվար կլինի հարաբերությունները խզել։ Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ հայկական կողմը ձգտում է դրան ու այդ տեսանկյունից այս պայմանագիրը մեծ քայլ է դեպի Արևմուտք»,- նկատել է քաղաքագետը։
Դավիթ Հարությունովի խոսքով՝ հասանելի տվյալներից ակնհայտ է, որ խոսքը շատ սահմանափակ քանակի զենքի գնման մասին է։
«Կան դրույթներ նաև մարտական պատրաստվածության մասով, բայց շատ բան կախված է ծավալներից, ինտենսիվությունից։ Այսինքն՝ այն կարող է նաև լոկալ լինել։ Օրինակ՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ համագործակցում է մարտական պատրաստվածության ոլորտում, բայց, ինչպես տեսնում ենք, այն ռազմական հնարավորությունների տեսանկյունից կտրուկ փոփոխությունների չի բերում»,- հավելել է քաղաքագետը։
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։
Աննա Բադալյան