Հնդկաստանը Հայաստանին MArG 155 ինքնագնաց հրետանային համակարգեր կմատակարարի, հայտնում է Indian Defense Research Wing պարբերականը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է հնդկական Bharat Forge ընկերությունը։
Պարբերականը գործարքը «Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության համար կարևոր իրադարձություն» է անվանել։
«Հրետանային համակարգերի հնդկական առաջատար արտադրող Bharat Forge-ը հաստատել է, որ վերջերս ցուցադրած MArG 155 ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Կայքի գնահատմամբ՝ Հայաստանի հետ գործարքը «հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա, միևնույն ժամանակ՝ Հնդկաստանը դառնում է պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը Հայաստանին»։
Հայաստանի կողմից Հնդկաստանից այս տեսակի հրետանային համակարգեր պատվիրելու մասին հայտնի էր դարձել 2022 թվականի նոյեմբերին։ Ավելի ուշ հայկական պատվիրակությունն ուսումնասիրել էր այդ հրետանային համակարգերը։
Բացի այդ, սեպտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանն օգոստոսին Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների, այդ տեսակի 90 հաուբիցների մատակարարում է նախատեսվում։
2022 թվականի սեպտեմբերի վերջին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին ստորագրել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին: Պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի առաջին արտահանումը: