ՀՀ ՊՆ երեք սպաների մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության և պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, նրանք ձերբակալվել են, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ քննչական կոմիտեի՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:
2023թ․ նոյեմբերի 21-ին որոշում է Ա.Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով (Ռազմի դաշտը կամայականորեն լքելը կամ զենք օգտագործելուց հրաժարվելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):
Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որոնք զուգորդվել են նրանց կողմից դրանց դադարեցմամբ:
Որոշում է կայացվել Վ.Տ․-ի և Ռ․Ղ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասին (Ռազմական դրության, պատերազմի կամ մարտական դրության ժամանակ զինվորական ծառայությունից կամ որոշակի պարտականություններ կատարելուց հրաժարվելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: