Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ավելի քան 18 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել 2016թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կրակոցից մահացած հայ զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի և Շավարշ Մելիքյանի ընտանիքներին, հաղորդում է ՄԻԵԴ կայքը։
«Սույն գործով թեև կողմերը վիճարկում են դիմումատուների հարազատների մահվան հանգամանքները, ուղղակի կամ անուղղակիորեն անվիճելի է, որ նրանք մահացել են հրազենային վնասվածքներից՝ պարոն Գուրբանովի ինքնաձիգից արձակված մահացու կրակոցներից, և բոլոր դիակները, այդ թվում՝ Գուրբանովի դիերը, հայտնաբերվել են Հայաստանի տարածքում՝ Բիթլիսի զորամասի մոտ»,- ասվում է «Նարայան և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի վճռում։
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Բաքուն դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում Նարայանի, Աբովյանի և Մելիքյանի ընտանիքներին կվճարի 16․000-ական եվրո, ինչպես նաև 2780-ական եվրո՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում։
Հայ զինվորների հարազատները դիմել են Եվրոպական դատարան՝ պատճառաբանելով, որ զինվորներն ապօրինի են սպանվել շարունակվող զինված բախումների բացակայության պայմաններում։ ՄԻԵԴ-ը նշել է, որ զոհերի ընտանիքների բողոքները հիմնված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քրեական հետաքննության եզրակացությունների վրա, որոնց ապացույցները վիճարկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Քանի որ ակնհայտ հիմքեր չկան կասկածելու Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ներպետական հետաքննության որակի վրա, դատարանը գտնում է, որ չի կարող անտեսել երեք հայ զինվորների սպանության առնչությամբ այդ հետաքննության արդյունքները բացառապես պատասխանող պետության իշխանությունների կողմից ընթացակարգին չմասնակցելու պատճառով»,- եզրակացրել է դատարանը։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող Բիթլիսի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի և շարքայիններ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան մասին։