ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթիի՝ Հայաստան այցի և նպատակների մասին։
«Վերջերս Հայաստան է այցելել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին», հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Ըստ դեսպանատան հայտարարության՝ Ռոբերտ Աբերնեթին մեր երկիր է ժամանել, որպեսզի աջակցի Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործմանը, քաղաքականության ձևավորմանը և նախնական մշակման աշխատանքներին։
«Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի» ,-հավելել են ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով 2023-ի նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել էր Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը Ասրյանին հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ՀՀ-ի հետ համագործակցել ռազմական մի շարք ոլորտներում։