ՀՀ ԶՈւ առաջին կին զինծառայող Միլենա Ենոքյանը զորակչվել է ժամկետային զինծառայության, հայտնում է «Զինուժ մեդիան»։
Միլենան երկու տարի անընդմեջ փորձել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Տեսողական խնդիրների պատճառով նա բժշկական եզրակացություն չի ստացել։ Միլենան վերջերս է վիրահատվել ու նոր բուժզննության արդյունքում ստացել է այդքան սպասված բժշկական եզրակացությունը, ըստ որի՝ նա պիտանի է ծառայության։
«Ես երազում եմ, որ մենք հզոր բանակ ունենանք ու ամուր պետության մեջ ապրենք։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է մեր դերն ունենալ այս գործում։ Ամենակարևորը՝ միշտ ինքնակրթվելն է։ Ինչքան էլ սովորենք, քիչ է»,- ասել է Միլենան։
Նա դպրոցից հետո ծրագրավորում է ուսումնասիրել, հետաքրքրված է օտար լեզուներով։ Միլենայի առօրյայի անբաժան մասն է սպորտը։
«Ընտրել եմ ռազմական գործը, հետո կշարունակեմ զբաղվել նաև ծրագրավորմամբ»,- հավելել է նա։
2023-ի մայիսին կառավարությունը հավանություն էր տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող էին ծառայության անցնել 2024-ի ձմեռային զորակոչից: 6 ամիս ծառայելուց հետո նրանք 1 մլն դրամ պարգևավճար են ստանալու։
Տես Armenia Today-ի հարցումը կանանց՝ կամավորության սկզբունքով ծառայության վերաբերյալ։