ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՔՊ նախագծին, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել կամավորներին, ովքեր կատարել են զինծառայության կանոններին հակասող հանցագործություն։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի խորհրդարանում հունվարի 15-ին։
Օրինագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանությանը ներգրավված կամավորները, ովքեր հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ հանցագործությունների համար։
Ըստ Ղազարյանի՝ խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են և՛ մարտական հերթապահությանը, և՛ մարտական առաջադրանքների կատարմանը:
«Հաճախ առաջադրանքների կատարման ընթացքում նրանք հրաժարվում են պարտականությունների կատարումից կամ որոշակի կարգով խախտում են զինվորական ծառայության սահմանված կարգը: Քանի որ աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն, հնարավոր չի լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է նա:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է նախագծին կառավարության դրական դիրքորոշման մասին:
«Եթե կատարվում են հանրորեն վտանգավոր և հանցավոր արարքներ, անհրաժեշտ է, որպեսզի դրանք ևս ենթարկվեն օրենսդրական համապատասխան կարգավորման»,- ասել է նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցը քննարկել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ օրինագիծը խնդիր ունի թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում՝ այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:
«Մենք չենք կարող վերցնել ինստիտուտի մի հատվածին ու ասել՝ դուք համարժեք պատասխանատվության տակ եք մտնում, մյուս ինստիտուտին թողնել օդի մեջ: Դուք տեսնում եք Ադրբեջանի լկտի պահվածքը ԵԿՄ-ի նկատմամբ՝ «վարձկաններ, ահաբեկիչներ և այլն»: Երկրապահները կարծեմ ներգրավված չեն աշխարհազորայինների այս սխեմայի մեջ: Եթե ներգրավված են, ավելի արդյունավետ ձևով պետք է իրականացվի, եթե ներգրավված չեն, ապա իմ առաջարկը սա է»,- ասել է Մինասյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ԶՈւ-ի համար անհրաժեշտ է հստակ զինվորական կարգուկանոնի պահպանում բոլոր հատվածներում և նույնանման պատասխանատվություն:
«Եթե մենք զինվորական ծառայության մեջ գտնվող 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում գտնվող կամավոր զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել նման պատասխանատվությունից»,- շեշտել է նա:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: