Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսով վարակվածություն։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանը նշել է, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:
«Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։
Շուշան Ստեփանյանը գրել է, որ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։
«Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ»,- գրել է խոսնակը։
Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։
ՊՆ խոսնակը հորդորում է հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը և զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։
«Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները»,- գրել է Շուշան Սեփանյանը։