Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է անցկացնելու զինվորական մեքենաները զինվորների հաշվին նորոգելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը նշել է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է Պաշտպանության նախարարությունը, և նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցները լիովին բավարարքում են:
«Ազատությունը», հղում անելով վթարից տուժածի մորը, գրել էր, որ զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։