Պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի «Կիրանցում բնակիչներն ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել»։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նշվածի վերաբերյալ տարածված տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»,- հավելել են ՊՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Գործընթացի շրջանակում ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում մարզում։ Մայիսի 6-ին Կիրանցում ՊՆ զինծառայողն ականի պայթյունից վիրավորում է ստացել, ապրիլի 25-ին Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից հայ սակրավորը կորցրել էր աջ ոտնաթաթը։