ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն օգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
«Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ կատարած այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջ»,- տեղեկացրել են ՊՆ-ից։
Պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, հետևել դաշտային վարժանքներին, հավելել են ՊՆ-ից։ Կողմերը քննարկվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը:
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Հուլիսի 6-ին հայտնել էինք, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։