Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը ՀՀ ԶՈւ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում, հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները ինչպես ՀՀ զինված ուժերի կերպափոխման իրագործման, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացման շուրջ։
«Քննարկվել է ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքների, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացման, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծմանը վերաբերող հարցեր»,- նշել է ՊՆ-ն։
Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել, փոխանցել է նախարարությունը։
Կողմերը հաստատել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը և ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին:
Հայաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն սկսել էր 2022 թվականի մայիսին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վաշինգտոնյան հանդիպումից հետո։
Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Օգոստոսին ՊՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչն աշխատելու է պաշտպանության վարչությունում՝ հայկական զինված ուժերի բարեփոխումների շրջանակում։
Սեպտեմբերի 19-24-ը Հայաստանում ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության հետ համատեղ դաշտային վարժանքներ էին անցկացվել։