ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը կալանավորվել է 9 մլն դրամ կաշառք ստանալու մեղադրանքով՝ 3 զինծառայողի ծառայությունից ազատելու համար, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազության վարկածով՝ մեղադրյալը 2024թ․ հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում 3 զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք (23 000 դոլար), հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ բաժնի պետն Ա.Թ.-ից ստացել է 3 միլիոն 880 հազար դրամին համարժեք 10 հազար դոլար, Գ.Գ.-ից՝ 3 միլիոն 103 հազար դրամին համարժեք 8 հազար դոլար և Կ.Ե.-ից՝ 1 միլիոն 938 հազար դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք:
Ըստ գերատեսչության՝ դատախազը 2024թ․ սեպտեմբերի 30-ին երեք դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցել զորակոչի բաժնի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալը)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նշվում է, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Պապիկյանը Դըկոտինյիի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու...