Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է հակահամաճարակային չափանիշների պահպանման ստուգումներ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ հանրային ծառայության մարմին լինի, մասնավոր ընկերություն, թե պետական կառույց, տեսչական մարմինը տուգանելու է:
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերը չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ: Առաջին անգամ խախտման դեպքում 10-20 հազար դրամ նախատեսված է ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է Աննա Հարությունյանը:
Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշել է, որ ստուգումների հետ կապված իրենց գործունեությունը մնում է նույնը: Այն, ինչ արվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուն զուգահեռ, շարունակվելու է առաջիկայում ևս: Պարզապես, մի շարք այլ պահանջներից բացի, հաշվի են առնվելու նաև թեստավորման ու պատվաստման պահանջները: Ստուգայցերի ժամանակ հաշվի են առնվում ռիսկային տնտեսվարողները, սակայն, ըստ Աննա Հարությունյանի, դա չի նշանակում, թե մյուս կազմակերպություններում ստուգայցեր չեն արվելու: Վերահսկողությունն ուղղորդվում է նաև իրազեկմամբ, բացատրական աշխատանքներով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնելու նոր կանոններ. պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստերի արդյունքները ներկայացնեն գործատուին, եթե նրանք չեն պատվաստվում: