Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախ քաղաքում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս անցկացնել նման հանդիպում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընդգծվել է «հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման վերաբերյալ ԱՀ ՊՆ սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը»։
Սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում Արցախի ներկայացուցիչները նշել են վառելիքի հատուկ անհրաժեշտություն։ Միաժամանակ նրանք սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել։
«Հանդիպման արդյունքում նրանց խնդրանքը դրական է ընդունվել։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգեր, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքներ, մարդասիրական աջակցություն»,- ասված է հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է եղել Եվլախում, որն ավարտվել է։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նա հայտնել է, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։