Այլ երկրներից օդային տրանսպորտի միջոցով Հայաստան իրականացվող ներմուծումների հետ կապված որևէ սահմանափակումներ չկան, իսկ ցամաքային ճանապարհով իրականացվող ներմուծումների դեպքում գործում են այն բոլոր կարգավորումները, որոնք այս պահին կան։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ համակարգային միջոցներ են ձեռնարկվում՝ այլ երկրներից ապրանքների մատակարարման առկա համակարգը չխաթարելու համար։
«Պարետի որոշմամբ՝ սահմանվել է Իրանից Հայաստան ներմուծվող թույլատրելի ապրանքների ցանկն ու ներմուծման ընթացակարգերը։ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներն իրականցվում են այդ երկրում գործող ընթացակարգերի համաձայն՝ այն է փոխադրումը մի կետից մյուսն իրականացվում է հսկողությամբ»,- ասաց Սիմոնյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնեց, որ մատակարարումների հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները, ՀՀ Կառավարությունը գործընկեր երկրների հետ ամենօրյա ռեժիմով քննարկում է։