Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել: Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետեւ այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է»,-ասել է Փաշինյանը:
«Այդուհանդերձ, երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղ է սխալվել կառավարությունը: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն միանշանակ: Շատերը կասեին, որ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված ոստիկանները ազատված լինեին, այսպես չէր լինի: Դատավորները, պաշտոնյաները բոլոր եւ այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կասկածելի ճանապարհ է, որովհետեւ այս տրամաբանությամբ մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, վաճառողներին, ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց, մեզ բոլորիս»,-ասաց վարչապետը:
Ուղիղ. Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Ուղիղ. Ճեպազրույց պարետատան նիստից հետո
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 4 июня 2020 г.