Համացանցում քննարկումների առիթ է տվել ՀՀ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
Armtimes.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է, որ ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետևյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով:
«Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրենքը համարվում է հակասահմանադրական: Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է»,- ասել է Բաղդասարյանը:
Շարունակելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահն ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, պատգամավորը ընդգծել է, որ այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի 3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած:
Անդրադառնալով հարցին, թե դա ոչ նշանակում է, որ այն հակասահմանադրական է, ոչ էլ այն, որ նախագահը չի՞ ուզում ստորագրել՝ պատգամավորը նշել է. «Ոչ, ոչ, եթե հակասահմանադրական համարեր, կդիմեր Սահմանադրական դատարան»։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն պատասխանելով նույն հարցին, թե ի՞նչ է նշանակում Նախագահի չստորագրելը, նշել է. «Ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ պարոն Սարգսյանը ուղղակի որոշում է կայացրել 3 տարբերակներից ընտրել չստորագրելու տարբերակը, որի քաղաքական գնահատականը, որի քաղաքական հետևանքի մասին և քաղաքական արձագանքի մասին, կարծում եմ, մենք դեռ կզրուցենք, բայց այս փուլում ես զերծ կմնամ, որովհետև լուրը նոր է, մինչև տեսնենք, հասկանանք, թե ինչ է կատարվում, նաև իրավական ինչ հստակ հետևանքներ կարող են լինել»