Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։
Իր հերթին Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ բազմաթիվ մարդկանց բերման են ենթարկել, որոնց հստակ թվին և անուններին չեն տիրապետում:
Հիշեցնենք, որ Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: