Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, ՀՀ քաղաքացին՝ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Այսպես. Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ կատարել լրտեսություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության:
Հիշյալ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարկ է նշել, որ մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով, հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր: