Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջից:
Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:
Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նաև լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: