Անհետ կորած զինծառայողների հարազատները մտադիր են պահանջել քրեական գործեր հարուցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև դիմել Վարչական դատարան: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել Է անհայտ կորած զինծառայողների հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը։
Նա տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնությունը մտադիր է յուրաքանչյուր դեպքի համար քրեական գործեր հարուցել։
«Այս գործերի շրջանակներում պահանջելու ենք բաց և թափանցիկ հետաքննություն անցկացնել մեր հարազատների մահվան հանգամանքների, ինչպես նաև զոհվելու պատճառ դարձած զինվորականների մեղավորության վերաբերյալ», – ասել է նա՝ նշելով, որ խոսքը կարող է գնալ նաև գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի մասին, եթե այն բացահայտվի քննության ընթացքում:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է դիմել Վարչական դատարան։
«Նաեւ ցանկանում ենք վիճարկել կառավարության անգործությունը Վարչական դատարանում, ստիպել, որ մեզ տեղեկացնեն զոհերի, գերիների և անհայտ կորածների ճշգրիտ թիվը», – ասել է նա: Արսեն Ղուկասյանը նշված նախաձեռնությունների հետ կապված դիմել է իրավաբաններին և լրագրողներին՝ աջակցության խնդրանքով: