Մայիսի 10-ին Հայաստանի գործող խորհրդարանի լուծարումից ընդամենը երկու օր անց ադրբեջանցիները ներխուժեցին երկիր:
Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
Ըստ նրա՝ չի կարելի գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ թշնամին, հասկանալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իրողությունը, երբ յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է իր նախընտրական քարոզով, իսկ իշխանությունները՝ իրենց վերարտադրմամբ, սադրանքներ է հրահրելու, ինչպես հիմա է, երբ 250 ադրբեջանցի զինծառայող խախտել է Հայաստանի ինքնիշխան սահմանը և խորացել 3,5 կմ հեռավորության վրա։ Հինգ օր հայկական կողմը բանակցություններ է վարում նրանց հետ՝ խնդրելով հեռանալ:
«Մենք մեզ խաբում ենք, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, որ նրանք զբոսաշրջիկներ են: Պաշտպանության նախարարությունը ընդհանրապես ոչինչ չի ասում, չկա ընդհանրապես պաշտպանություն, չկա մեկ մեխանիզմ, որը երաշխավորի երկրի պաշտպանությունը»,- ասաց քաղաքական գործիչը՝ ավելացնելով, որ ադրբեջանցի զինվորները պետք է գերի վերցվեին, և անմիջապես սկսվեին նրանց հայ ռազմագերիների հետ փոխանակելու ուղղությամբ բանակցությունները:
Սա նվազագույնն է, որը պետք է արվեր՝ առանց որևէ մեկի հետ կապ հաստատելու։ Իսկ դաշնակիցներին միայն պետք է իրավիճակի ներկայացնող արձանագրում ուղարկվեր: