Հայաստանի ամենակարևոր մարտահրավերը արտաքին անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ կառավարության պաշտոնակատարի՝ այս խնդիրը լուծելու համար հարկավոր է կիրառել մի քանի գործիքներ: Առաջին հերթին դա դիվանագիտությունն է, արտաքին քաղաքականությունը, ապա՝ Զինված ուժերի բարեփոխումները և Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը:
«Ես խնդրում եմ ձեզ չխառնել պրոֆեսիոնալ բանակը պայմանագրային բանակի հետ: Նրանք տարբերվում են նրանով, որ պայմանագրային զինծառայողը տաքսի է վարում կամ մեկ ամիս 15-14 օր զբաղվում է գյուղատնտեսությամբ և մասնակցում է մնացած 15 օրվա մարտական հերթապահությանը, իսկ պրոֆեսիոնալ բանակում զինվորը ամիսը 30 օր է, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ զինվորը ունի մեկ խնդիր` բարձրացնել իր մարտական պատրաստվածությունը: Մենք գնալու ենք այս ճանապարհով», – ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն է: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերն ամբողջությամբ կատարեն իրենց պարտավորությունները: Մինչ այժմ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները և կառուցողական աշխատում է այս ուղղությամբ», – ասաց նա: