ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար անընդունելի է լրագրողների տեղաշարժի սահմանափակումը խորհրդարանում։
Ասում է՝ խորհրդարանում որևէ լրագրող իրեն չի խանգարել և հիմնավորված չի համարում իր գործընկերների այն պնդումները, թե ԶԼՄ ներկայացուցիչներն առանց թույլտվության մտնում են պատգամավորների սենյակները և հարց տալիս։
«Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ խորհրդարանում այդ ով է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ: Այս խորհրդարանում եղել են անվտանգության միջոցառումներ, բայց մենք ունեցել ենք Հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը, չեմ կարծում՝ որևէ հարց պետք է լուծեն»,- իր դիտարկումները ներկայացրեց Թագուհի Թովմասյանը։
Նոր խորհրդարանի աշխատանքներին ընդառաջ ԱԺ-ում արդեն տեղադրվել են անվտանգության սարքեր։ Պատգամավորները նիստերի դահլիճ մտելուց առաջ այսուհետ պետք է անցնեն անվտանգության սարքերի միջոցով։ Ցանկացած կասկածելի իր հայտնաբերելու դեպքում սարքն ազդանշան կարձակի։
Ըստ պատգամավորի՝ ԱԺ դահլիճի մոտ տեղադրված սարքերը նսեմացուցիչ են։
«Մեկ անգամ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մեկ անգամ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում, անհասկանալի է: Եթե կարող են այսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչու են մեր սահմաններն անվտանգության առումով բաց»,- նկատեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, սահմանափակվելու է ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը։ Մինչդեռ ԱԺ-ն չի հաստատում, որ նման հարց կա իրենց օրակարգում։