Եռակողմ հայտարարության ստորագրման 1 տարվա կապակցությամբ, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոդված է հրապարակել հակամարտության հումանիտար հետևանքների և մարդու իրավունքների մասին։
Եվրահանձնակատարը ութ առաջարկություն է ձևակերպել հակամարտության գոտում մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար։ Նա, մասնավորապես, մատնանշել է, որ հակամարտությունից տուժած տարածքներ հասանելիությունը մնում է շատ սահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելությունների համար, և որ այդ առաքելությունները գնալով ավելի են խոչընդոտվում:
Նրա կարծիքով՝ առաջնահերթության կարգով պետք է լուծվի հակամարտությունից տուժած բոլոր տարածքների մուտքի հարցը։ Հանձնակատարը կոչ է անում համապատասխան իշխանություններին մշակել հասանելիության արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հումանիտար և իրավապաշտպան կազմակերպություններին հնարավորություն կտան հասնել բոլոր նրանց, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության հրատապ կարիք ունեն:
Միյատովիչը խրախուսում է կողմերին համագործակցել և մասնակցել անհրաժեշտ տվյալների փոխանակմանը ականազերծման գործընթացը հեշտացնելու համար: Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերացնել զինամթերքի որոշակի տեսակների օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և դրա համապատասխան արձանագրությունները։
Նա ընդգծում է, որ հայ գերիների խնդիրը մնում է չլուծված, ինչը սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, պետք է ապահովել, որ բոլոր դեռևս գերության մեջ գտնվողներին տրամադրվի անհրաժեշտ պաշտպանություն, որը երաշխավորված է միջազգային մարդասիրական իրավունքով, և հեշտացնել նրանց ազատ արձակումն ու վերադարձն իրենց հայրենիք:
«Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է և ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ նախկին տները»,- ասել է հանձնակատարը։ Նա շեշտել է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադառնալ ցանկացողներին պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն։
Հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանում ականներով և պատերազմից հետո մնացած պայթուցիկներով աղտոտվածության բարձր մակարդակի մասին և ցավում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ լրջորեն վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
Նա կողմերին կոչ է անում համագործակցել և ներգրավվել տվյալների անհրաժեշտ փոխանակմամբ՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար։ Հանձնակատարը նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։