«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում/։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց, այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Ա. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով»,-գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեկտեմբերի 1-ին կալանավորվել է: Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Աշոտ Մինասյանին՝ ՀՀ վարչապետի սպանությունը կազմակերպելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։