Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստ, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր:
Թուրքական hurriyet-ը հայտնում է, որ այդ հարցերի շարքում քննարկվելու է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների քննարկումների արձանագրված արդյունքը։
Բացի այդ, քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական լարվածության հարցը, դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Նշվում է, որ նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում: