Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։
Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։
Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։