Երկու անձի սպանած և երեքին դանակահարած Արզական գյուղի բնակիչը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Օգոստոսի 27-ին «Չարենցավան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել դանակահարված 57-ամյա և 52-ամյա ամուսիններ։ 52-ամյա կինը հաղորդում էր տվել, որ 46-ամյա համագյուղացին մտել էր իրենց ննջասենյակ և իրեն ծեծի ենթարկել ու դանակով խփել իր արմունկին, այնուհետև նույն դանակով մի քանի հարված էր հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արզական գյուղի 46-ամյա բնակչին հայտնաբերելու նպատակով ոստիկանները գնացել էին նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում հայտնաբերել էին նրա 35-ամյա կնոջ դիակը՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում: Սկսվել էին ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Օգոստոսի 30-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում մարդ են սպանել և դիմել փախուստի, այնուհետև ոստիկանություն էր զանգել բաց բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը և հայտնել, որ ընկերության՝ Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի արտադրական տարածքում աշխատակցին դանակահարել են և, ըստ ականատեսների, դանակահարողը Արզական գյուղում կնոջն սպանած Զորիկ Մելքոնյանն է, որը նախկինում այդ հիմնարկում էր աշխատել:
Այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. հիվանդանոց էին տեղափոխվել 34-ամյա տղամարդու դիակ և կտրած-ծակած վնասվածքներով 29-ամյա երիտասարդ: Արդեն օգոստոսի 31-ի ոստիկանություն ահազանգ էր ստացվել Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բենզալցակայանի աշխատակցից: Նա հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս գիշերը Զորիկ Մելքոնյանը դանակի սպառնալիքով սննդամթերք և ծխախոտ էր պահանջել, որոնք ստանալով՝ հեռացել էր: Հետո կրկին գնացել էր նույն բենզալցակայան ու այս անգամ պահանջել փող, անվադող, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել էր:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել: Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: