ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերին հաջողվել է 6 դիրք հետ վերցնել։ Նրա խոսքով՝ ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն:
«Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ ամբողջական թվեր չի հրապարակի, քանի որ դրանք կարող են փոփոխությունների ենթարկվել։
Քոչարյանը կարևորեց հրադադարի ռեժիմը պահպանելը, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները, որոնք ի տարբերություն հակառակորդի, սահմանափակ են, լիարժեք անցնեն պատրաստման փուլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։